Արամ Մանուկյան

Արամ Մանուկյան – 1998թ.-ին ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան Բժշկական Համալսարանը: Նույն թվականից անցել է աշխատանքի ՁԻԱՀ-ի Կանխարգելման Հանրապետական Կենտրոն` որպես բժիշկ-համաճարակաբան: 1999-2001թթ.-ին ծառայել է ՀՀ զինված ուժերում` Մեխակավանի դաշտային հոսպիտալում՝ որպես բժիշկ-համաճարակաբան: Ծառայությունն ավարտելուց հետո 2001թ.-ին վերադարձել է ՁԻԱՀ-ի Կանխարգելման Հանրապետական Կենտրոն՝ որպես Համաճարակաբանական Հսկման բաժնի վարիչ, այնուհետև 2005թ.-ից զբաղեցրել է Բժշկական Օգնության և Սպասարկման բաժնի վարիչի պաշտոնը: 2004-2006թթ. համակարգել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի Միացյալ Ծրագրի կողմից օժանդակվող և ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի գրասենյակի կողմից իրականացվող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ծրագիրը, որն իրականացվել է ՀՀ Ոստիկանության, Ազգային Անվտանգության, Քրեակատարողական հիմնարկների և ՀՀ Զինված Ուժերի անձնակազմի շրջանում: 2009թ.-ին գործի է անցել Ավստրալիական ՙԱՓՄ Համաշխարհային Առողջապահություն՚ ընկերությունում՝ որպես Եվրասիական տարածաշրջանի խորհրդատու: Բազմակի անգամ անցել է մասնագիտական վերապատրաստում և որակավորում Ավստրալիական, Ամերիկյան և Եվրոպական ընկերությունների կողմից: Ունի բազմամյա աշխատանքային փորձ հետևյալ երկրներում՝ Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Բելարուս, Մոլդովա, Բուլղարիա, Բոսնիա և Հերցեգովինա, Ալբանիա, Կոսովո, Թաիլանդ, Լաոս, Վիետնամ, Ղրղզստան, Տաջիկիստան, Թուրքմենստան, Ղազաղստան, Ուզբեկիստան: