ՏԲ – ի Մասին

Տուբերկուլոզը վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը հանդիսանում է Mycobacterium tuberculosis-ը:

Վարակի հիմնական աղբյուր է հանդիսանում թոքային տուբերկուլոզով հիվանդ հազացող, հատկապես մանրէազատող /խորխի քսուքում մանրէների առկայությամբ/ մարդը: Հազի ժամանակ առաջանում են բազմաթիվ կաթիլներ / 1 հազի ժամանակ կարող է առաջանալ մինչև 3000 այդպիսի կաթիլ/, կաթիլները կարող են տարածվել նաև խոսելիս, փռշտալիս, երգելիս և երկար ժամանակ մնալ օդում:Արևի ճառագայթների տակ 5ր. ընթացքում նրանք ոչնչանում են, սակայն մթության մեջ երկար պահպանում են կենսունակությունը: Վարակը հիմնականում տեղի է ունենում փակ տարածությունում, երկարատև կոնտակտի դեպքում, իհարկե կախված է նաև օրգանիզմի իմուն վիճակից և ներշնչված օդում միկոբակտերիաների քանակից:

ուղղակի Ներշնչված միկոբակտերիաներն այնքան փոքր են, որ չեն մնում բրոնխներում, այլ նստում են ալվեոլներում, բազմանում են, առաջացնում բորբոքում, այնուհետև այդ տեղում առաջանում է Հոնի օջախ:

Լիմ‎ֆատիկ ուղիներով միկոբակտերիաները ընկնում են միջնապատի լիմ‎ֆատիկ հանգույցներ:
Թոքերում բորբոքման օջախը և ռեգիոնար լիմ‎‎ֆադենիտը կազմում են առաջնային կոմպլեքս, որտեղից էլ միկոբակտերիաները կարող են հեմատոգեն ճանապարհով տարածվել ողջ օրգանիզմում:
Իմուն պատասխանը ձևավորվում է վարակից 4-6 շաբաթ հետո:
Հաջորդող ընթացքը կախված է արդեն միկոբակտերիաների քանակից և օրգանիզմի իմուն վիճակից: Մեծամասամբ իմուն պատասխանը կանգնեցնում է հարուցչի բազմացումը, սակայն նրանց որոշ մասը կարող է պահպանվել լատենտ վիճակում: ՏԲ վարակի միակ ապացույցը կարող է լինել տուբերկուլինի դրական մաշկային փորձը:

Երկրորդային ՏԲ զարգանում է լատենտ շրջանից հետո, որը կարող է տևել մի քանի ամիս կամ նույնիսկ տարի: Երկրորդային ՏԲ կարող է զարգանալ հին ՏԲ օջախի ռեակտիվացումից կամ ռեին‎ֆեկցիայից:

Չնայած տուբերկուլոզի հարուցիչը հայտնաբերվել է 1882 թ-ն, իսկ հակատուբերկուլոզային դեղամիջոցները մատչելի են դարձել սկսած 1944թ-ից, ՏԲ-ի գլոբալ վերահսկման ողջ ջանքերը հաջողությամբ չեն պսակվել: Դրա հիմնական պատճառներն են`

  • իշխանությունների ոչ բավարար ուշադրությունը և թույլ ֆինանսավորումը;
  • ֆթիզիատրիկ ծառայության ոչ ադեկվատ կազմակերպումը;
  • հիվանդների սխալ վարումը/ հայտնաբերված հիվանդների լիարժեք բուժման բացակայությունը/;
  • ԲՑԺ վակցինացիայի արդյունավետության գերագնահատումը;

Ի նկատի ունենալով վերը ներկայացվածը` ներկայումս ԱՀԿ-ի կողմից մշակվել են ՏԲ-ի ախտորոշման /խորխի ուղղակի մանրադիտակային հետազոտություններ/ և հիվանդների բուժման / քիմիոթերապիայի կարճատև կուրս/ բավական արդյունավետ մեթոդներ` ԴՈՏՍ ռազմավարություն:
ԱՀԿ-ի կողմից առաջարկվող ՏԲ-ի դեմ պայքարի ռազմավարությունն իրենից ներկայացնում է միջոցառումների մի համակարգ, որն ուղղված են վերը նշված մեթոդների արդյունավետ կիրառմանը` հիվանդների հայտնաբերման և բուժման նպատակով:

Շատ երկրներ կիրառելով ԴՈԹՍ ռազմավարությունն` արդեն իսկ հասել են բավական բարձր ցուցանիշների և 1995թ-ին մոտ 80 երկիր սկսել է ներդնել ԴՈԹՍ ռազմավարությունը: Վերջինս բաղկացած է հետևյալ 5 հիմնական բաղադրիչներից`
– Ազգային և ռեգիոնալ իշխանությունների կողմից մշտական աջակցություն ՏԲ-ի դեմ պայքարի ծրագրին;
— ՏԲ-ի հայտնաբերումը խորխի մանրադիտակային հետազոտության միջոցով բոլոր, տուբերկուլոզին բնորոշ գանգատներով, բուժ. հաստատություն դիմած անձանց շրջանում:

Բավարար ռեսուրսներով երկրներում վերջնական ախտորոշումը կարող է հաստատվել խորխի ցանքսի արդյունքների հիման վրա;
— Ստանդարտ քիմիոթերապիայի կարճատև կուրս 6-8 ամսվա ընթացքում` անմիջական հսկողության տակ, տեխնիկական անհրաժեշտ սարքավորումներով հագեցված բժշկական ծառայությունների առկայության պայմաններում, ինչպես նաև սոցիալական աջակցության օրգանների հետ համագործակցելով;
— Անհրաժեշտ և բարձր որակի հակատուբերկուլոզային դեղամիջոցների կանոնավոր, անընդմեջ մատակարարումը;
— Գրանցման և հաշվետվությունների ստանդարտ համակարգ` հիմնված եռամսյակային հաշվետվությունների վերլուծության վրա, որը թույլ է տալիս գնահատել բոլոր հիվանդների բուժման ելքերը և ՏԲ-ի դեմ պայքարի ծրագրի արդյունավետությունն ամբողջությամբ:

Թվարկած բաղադրիչները ներկայացնում են ՏԲ-ի դեմ պայքարի համար անհրաժեշտ մինիմալ միջոցները: Ներկայացված ռազմավարության հիման վրա յուրաքանչյուր երկիր պետք է ստեղծի իր պայմաններին և ռեսուրսներին համապատասխան ՏԲ-ի դեմ պայքարի ծրագիր:

Համաշխարհային բանկը ԴՈԹՍ ռազմավարությունը համարում է տնտեսապես շահավետ բժշկական միջոցառում և առաջարկում է նրա կիրառումը հատկապես ցածր եկամուտ ունեցող երկրներում: Սակայն այս ռազմավարությունը հաջողությամբ կիրառվում է նաև Արևմտյան Եվրոպայի այնպիսի զարգացած երկրներում , ինչպիսիք են Նիդեռլանդները, Պորտուգալիան, Նորվեգիան, Սլովակիան , Գերմանիան, Շվեցարիան և այլն: