ntp - armenia

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2010

Նոյեմբերի 29 - Դեկտեմբերի 3

    Ամբողջ աշխարհում տուբերկուլոզի դեմ պայքարում մեծ տեղ է տրվում վարակի հսկողությանը, քանի որ հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ ներհիվանդանոցային վարակը մեծ վտանգ է ներկայացնում հիվանդների և բուժհաստատությունների անձնակազմի համար:
    Վարակի հսկողության միջոցառումների բացակայությունը կամ ոչ լիարժեք իրականացումը նպաստավոր պայման է ստեղծում վարակի տարածման համար: Հաշվի առնելով Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության վարակի հսկողության արդի քաղաքականությունը և Հայաստանում եղած փորձագետների առաջարկները, սույն թվականի նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 3-ը հանրապետությունում առաջին անգամ Տուբերկուլոզի դեմ պայքարի Ազգային ծրագրի շրջանակներում KNCV կազմակերպության աջակցությամբ "Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ" ՊՈԱկ-ում կազամկերպվեց դասընթաց "Տուբերկուլոզային վարակի հսկողությունը" /ՎՀ/ թեմայով` հանրապետության համաճարակաբանների, ֆթիզիատրների և բուժհաստատությունների վարակի հսկողության պատասխանատու մասնագետների համար:
    Դասընթացը վարելու նպատակով հրավիրված էին KNCV-ի փորձագետներ` Մաքս Մեյսը և Նոննա Տուրուսբեկովան: Երեք օրերի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին վարակի հսկողության հիմունքները և բուժհաստատություններում վարակի ռիսկի գործոնների գնահատման սկզբունքները: Գործնական դասընթացներ իրականացվեցին տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետում, որտեղ մասնակիցները ամրապնդեցին ձեռք բերված տեսական գիտելիքները: Դասընթացի ընթացքում ընտրվեցին 7 մասնագետներ, որոնք հետագայում, ծրագրի շրջանակներում, վարակի հսկողության շարունակական դասընթացներ կիրականացնեն հանրապետության բուժհաստատությունների և ՊՀՀՏ տարածքային կենտրոնների մասնագետների համար: Դասընթացի վերջին օրը ՀՀ ԱՆ հրամանով ստեղծված վարակի հսկողության ազգային աշխատանքային խումբը քննարկեց ՏԲ ՎՀ ազգային պլանի նախագիծը, հստակեցվեցին հետագա աշխատանքների ծավալը և միջոցառումների իրականացման ժամանակացույցը:
    Բոլոր մասնակիցները` 25 հոգի, լրացնելով գնահատման թերթիկներ, բարձր որակավորեցին դասընթացի կարևորությունը իրենց ամենօրյա աշխատանքի մեջ, դասավանդողների պրոֆեսիոնալիզմը և դասընթացի կազմակերպումը, հույս հայտնելով, որ հանդիպումները կլինեն շարունակական: Մասնակիցները ստացան "Վարակի հսկողության դասընթացի" մասնակցության վկայականներ:

Նոյեմբերի 15

    Սույն թվականի նոյեմբերի 15-ին "Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակում" "Բժիշկներ առանց սահմանների" /Ֆրանսիա/ կազմակերպության մասնագետների հետ համատեղ կազմակերպվեց մեկօրյա դասընթաց` նորաստեղծ մարզային հանձնաժողովների անդամների (բժիշկ, բուժքույր և դեղագետ) մասնակցությամբ "ՏԲ դեմ պայքարի ազգային ծրագրի շրջանակներում ներմարզային հանձնաժողովի պարտականությունները` ՏԲ կաբինետների մոնիտորինգը ապահովելու համար" թեմայով: Դասընթացի նպատակն էր` ներկայացնել մասնագետներին մոնիտորինգների կազմակերպման կարգը և մասնագետների գործառույթների շրջանակները: Դասընթացին մասնակցեցին մարզային հանձնաժողովի 25 անդամներ` Երևան քաղաքից և մարզերից:
    Ողջույնի խոսքով հանդես եկավ "Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակի" տնօրեն Մ.Բալասանյանը` կարևորելով ՏԲ դեմ պայքարի ազգային ծրագրի շրջանակներում մարզային հանձնաժողովների անդամների համատեղ աշխատանքը: Այնուհետև "Բժիշկներ առանց սահմանների" /Ֆրանսիա/ կազմակերպության մասնագետների և ազգային գրասենյակի մասնագետների կողմից ներկայացվեցին հետագա քայլերը, որոնց մասնագիտական առանձնահատկությունները առավել մանրամասն քննարկվեցին աշխատանքային խմբերում.
  • մարզային կենտրոնական դեղատան աշխատանքների կազմակերպման կարգը,
  • մոնիտորինգային խմբի մասնագետների պարտականությունները և լիազորությունները:
    Աշխատանքային մթնոլորտում ներկայացվեցին առաջարկներ, որոնց իրականացումը կապահովի մոնիտորինգային խմբերի հետագա գործունեությունը, ծրագրի պատշաճ կազմակերպումը և ցուցանիշների բարելավումը:

Նոյեմբերի 11

    Սույն թվականի նոյեմբերի 11-ին Երևանի "Քաղաքային հակատուբերկուլոզային դիսպանսերում" /ՔՀՏԴ/ տեղի ունեցավ խորհրդակցություն` "Երևան քաղաքում տուբերկուլոզի համաճարակաբանական իրավիճակը" թեմայով:
    Հանդիպումը կազմակերպվել էր Երևանի գլխավոր ֆթիզիատոր, ՔՀՏԴ-ի տնօրեն պարոն Մ. Մ. Մկրտչյանի կողմից: Հրավիրված էին Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության գլխավոր մասնագետ Վ. Սեդրակյանը, ՀՀ ԱՆ "Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակի" տնօրեն տիկին Մ.Բալասանյանը, ՏԱԾ-ի մասնագետները, Երևան քաղաքի հակատուբերկուլոզային ծառայության իրականացնող բուժհաստատությունների տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետների ֆթիզիատորները:
    Ողջույնի խոսքով հանդես եկան պարոն Մ.Մկրտչյանը և "Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակի" տնօրեն Մ.Բալասանյանը: Հանրապետության տուբերկուլոզի համաճարակաբանական իրավիճակը ներկայացրեց ազգային գրասենյակի համաճարակաբան Ն.Հովհաննիսյանը:
    Հանդիպման ընթացքում քննարկվեցին Երևան քաղաքում տուբերկուլոզի ներկա իրավիճակը, առկա խնդիրները, դրանց լուծման հնարավոր ուղիները, առողջապահության առաաջնային օղակի դերը տուբերկուլոզի դեպքերի վաղ հայտնաբերման գործընթացում, ինչպես նաև առաջարկվեցին տուբերկուլոզով հիվանդների ուղեգրման համակարգի բարելավման եղանակներ:
    Ֆտիզիատորների կողմից ներկայացվեցին քաղաքի պայմաններում ապակենտրոնացման մոդելով աշխատանքի առավելությունները և աշխատանքի ընթացքում ձեռքբերումները:
    Մասնակիցները գոհունակությամբ նշեցին միջոցառման կարևորությունը և առաջարկեցին նմանօրինակ հանդիպումները դարձնել շարունակական` աշխատանքի ընթացքում ծագած ընթացիկ հարցերը համատեղ քննարկելու և դրանց լուծման լավագույն ուղիները գտնելու նպատակով:

Հոկտեմբերի 11

    Սույն թվականի հոկտեմբերի 11-15-ը Երևանի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Արարատի և Կոտայքի մարզերի ֆթիզիատորների համար "Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագիր"-ը կազմակերպել էր դասըանթաց "Դեղորայքակայուն տուբերկուլոզի կլինիկական վարումը" թեմայով:
    Դասընթացը վարելու նպատակով հրավիրված էին KNCV-ի փորձագետներ Գունտա Դրավնիեցեն և Վերոնիկա Իլյինան: Մասնակիցներին ներկայացվեցին դեղորայքակայուն տուբերկուլոզի ձևերի առաջացումը, հիվանդների հետազոտումը, ախտորոշիչ ալգորիթմների կիրառումը, բուժման եղանակները, կոհորտային վերլուծությունը, դեղորայքակայուն տուբերկուլոզի վարումը ՄԻԱՎ վարակակիրների մոտ:
    Հոկտեմբերի 16-ին դասընթացը շարունակեցին "Բժիշկներ առանց սահմանների" /Ֆրանսիա/ կազմակերպության մասնագետները, որոնք ներկայացրեցին դեղակայուն ՏԲ-ի իրավիճակը ՀՀ-ում, մոնիտորինգի ձևերի լրացման կարգը և այլն: Պլանավորվում է հետագայում կազմակերպել նույն դասընթացը մյուս մարզերի ֆթիզիատորների համար:
Դասընթացին մասնակցեցին 24 բժիշկ, որի ավարտից հետո մասնակիցները լրացրեցին հարցաթերթիկներ: Արդյունքները բարձր գնահատվեցին դասընթացավարողների կողմից: Մասնակիցների կարծիքով դասընթացը բովանդակալից էր և կիրառելի իրենց ամենօրյա աշխատանքի մեջ: Բոլոր մասնակիցներին տրվեցին վկայականներ:
* * *
    2004 թվականից "Բժիշկներ առանց սահմանների" /Ֆրանսիա/ կազմակերպության հայաստանյան առաքելության կողմից իրականացվում է դեղակայուն տուբերկուլոզի բուժման փորձարարական ծրագիրը` Երևան քաղաքում, սկսած 2010 թ-ից նաև` Լոռու և Շիրակի մարզերում:
2010 թվականի մարտ ամսից ի վեր Հայաստանի Հանրապետությունում Դեղակայուն տուբերկուլոզի բուժման ծրագիրը իրականացվում է նաև Տուբերկուլոզի դեմ պայքարի Ազգային Ծրագիրի շրջանակներում, որի իրականացումը սկսվել է Երևան քաղաքում և Արմավիրի մարզում, այնուհետև ներառվել են Արագածոտնի, Գեղարքունիքի, Արարատի և Կոտայքի մարզերը: Ծրագիրն արդեն իսկ սպասարկում է Հայաստանի բնակչության մոտ 70%-ը: Հոկտեմբերի 15-ի դրությամբ` դեղակայուն տուբերկուլոզով 99 հիվանդ ընդգրկված է ծրագրի շրջանակներում:
Մինչև 2011 թ. հուլիս ամիսը պլանավորվում է ներգրավել Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերը:

Օգոստոսի 26

        Ս.թ. օգոստոսի 26-ին "Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ" ՊՈԱԿ-ի տնօրեն Մ. Բալասանյանի գլխավորությամբ կազմակերպվեց հանդիպում հանրապետության և Երևան քաղաքի գլխավոր Ֆթիզիատորների, հակատուբերկուլոզային ծառայություն և սպասարկում իրականացնող բուժհաստատությունների առաջատար մասնագետների, տուբերկուլոզի դեմ պայքարի ծրագրի մարզային համակարգողների, Գլոբալ հիմնադրամի Ծրագրերը համակարգող խմբի և Հայաստանում տուբերկուլոզի դեմ պայքարում շահագրգիռ տեղական և միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ: Հանդիպման նպատակն էր ամփոփել կատարած աշխատանքները, ներկայացնել տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի խնդիրները և հետագա զարգացումները:
        Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հ. Գրիգորյանը, որը կարևորեց Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի իրականացման նշանակությունը հանրապետության համար: Այնուհետև ելույթներով հանդես եկան ՀՀ ԱՆ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Օ. Նաջարյանը, ՏԱԳ-ի տնօրեն Մ. Բալասանյանը, "ԲԱՍ" Ֆ‎րանսիա կազմակերպության հայաստանյան առաքելության ղեկավար Ս. Կալոնը: Ներկայացվեց տեղեկատվություն հանրապետության վիճակագրական ցուցանիշների վերաբերյալ, ՏԱԳ-ի բժիշկ վիճակագիր Ն. Մեժլումյանի և իրավիճակի վերլուծություն ՀՀ ՏԴ ՓԲԸ-ի մասնագետ Ե. Ստամբոլցյանի կողմից:
        Հանդիպման ընթացքում նշվեցին հետագա զարգացման նպատակով առաջարկվող քայլերը`
    1. Հզորացնել ՏԲ Ազգային ծրագիրը` ՏԲ ախտորոշումը և բուժումը բարելավելու նպատակով
    2. Բարելավել սոցիալ-հոգեբանական միջավայրը ՏԲ-ի վերաբերյալ իրազեկման հզորացման միջոցով`
    Առաջարկվեց նմանատիպ հանդիպումներ կազմակերպեր պարբերաբար` եռամսյակը մեկ անգամ, որը կնպաստի շահագրգիռ կազմակերպությունների միջև համագործակցության ամրապնդմանը և գործընթացի բարելավմանը:

Հուլիսի 3

        Սույն թվականի հուլիսի 3-4-ը Ծաղկաձորում, "Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի շրջանակներում", զանգվածային լրատվամիջոցների համար կազմակերպվեց հերթական դասընթացը` "Տուբերկուլոզի դեմ պայքարում զանգվածային լրատվամիջոցների դերը" թեմայով:
        Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԱՆ "Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ" ՊՈԱԿ-ի տնօրեն տիկ. Մ. Բալասանյանը և ՀՀ ԱՆ "ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, Մալարիայի և Տուբերկուլոզի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի" Ծրագրերը Համակարգող խմբի ղեկավար տիկ.Օվ. Նաջարյանը:
        Դասընթացի ընթացքում Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակի մասնագետներ Ն. Հովհաննիսյանի և Ն. Մեժլումյանի կողմից ներկայացվեցին տուբերկուլոզի ցուցանիշները` ՀՀ-ում և ողջ աշխարհում, ծրագրի շրջանակներում կատարված միջոցառումներն ու գործառույթները, առկա խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ տարվող քայլերը, ընդգծվեց զանգվածային լրատվամիջոցների դերը տուբերկուլոզի դեմ պայքարում` ազգաբնակչությանը տուբերկուլոզի վերաբերյալ ճիշտ իրազեկելու հարցում:
        Դասընթացի մասնակիցներին այցելեց ՀՀ առողջապահության նախարար պրն. Հ. Քուշկյանը, որը մեկ անգամ ևս ընդգծեց ողջ աշխարհում և ՀՀ-ում Տուբերկուլոզի դեմ պայքարի կարևորությունը, մասնակցեց քննարկումներին և պատասխանեց լրագրողների հարցերին:

Հունիսի 1

        Ս.թ. հունիսի 1-ին տեղի ունեցավ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ) հերթական նիստը, որի ընթացքում քննարկվեց և որոշում կայացվեց դիմել Գլոբալ Հիմնադրամի առաջարկների ներկայացման 10-րդ փուլի հրավերին` տուբերկուլոզի նոր ծրագրային առաջարկով:
        Մինչև 2010թ. հունիսի 16-ը Գլոբալ հիմնադրամի առաջարկների ներկայացման հրավերի 10-րդ փուլին ներկայացվելիք տուբերկուլոզի դեմ պայքարի առաջարկի մշակման վերաբերյալ Ձեր առաջարկությունները կարող եք ուղարկել հետևյալ հասցեով.
ntp-arm@netsys.am :
Ստորև ներկայացված են 10-րդ փուլի հրավերին դիմելու ձևերը և փաստաթղթերը:

1.PROPOSAL FORM - ROUND 10 (ELIGIBILITY FORM) (ENG)
2.PROPOSAL FORM - ROUND 10 (ELIGIBILITY FORM) (RUS)
3.PROPOSAL FORM - ROUND 10. SINGLE COUNTRY APPLICANT. SECTIONS 1-2 (ENG)
4.GUIDELINES FOR PROPOSALS - ROUND 10 SINGLE COUNTRY APPLICANT (ENG)
5.PROPOSAL FORM - ROUND 10. Membership Details (ENG)
6.PROPOSAL FORM - ROUND 10. SINGLE AND MULTI-COUNTRY APPLICANT. Performance Framework: Instructions, Indicators, Targets and Periods Covered (ENG)
7.PROPOSAL FORM - ROUND 10. SINGLE AND MULTI-COUNTRY APPLICANT. HIV - Pharmaceutical and Health Products List (ENG)

Մարտի 24

    1882 թվականի մարտի 24-ին գերմանացի գիտնական Ռ. Կոխի կողմից միկոբակտերիայի հայտնաբերման փաստի կապակցությամբ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ, ողջ աշխարհում յուրաքանչյուր տարի մարտի 24-ը նշվում է որպես Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր:
    20-րդ դարի սկզբին, երբ դեռ չկար տուբերկուլոզի (այն ժամանակ հայտնի որպես թոքախտ) արդյունավետ բուժման դեղորայք, և տուբերկուլոզով հիվանդ մարդկանց վտարում էին քաղաքներից ու գյուղերից, վախենալով վարակվելու վտանգից, այդ հիվանդները իրենց ապաստարանն էին գտնում վանքերում: Վանքի միանձնուհիները հիվանդներին խնամելու և կերակրելու գումար հայթայթում էին` վաճառելով դաշտերից հավաքած երիցուկները: Տարիներ անց` երիցուկը համարվեց տուբերկուլոզի խորհրդանիշը:
    Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ամեն տարի տրամադրում է օրվա կարգախոս, որն այս տարի հետևյալն է. "Նոր մոտեցումներ` տուբերկուլոզի դեմ պայքարում":
    Մեր հանրապետությունում նույնպես յուրաքանչյուր տարի մարտի 24-ին "Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակը" և շահագրգիռ տեղական և միջազգային կազմակերպությունները համատեղ կազմակերպում են միջոցառումներ նվիրված այդ օրվան: Այս տարի ևս, այդ օրվա կապակցությամբ, "Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակի", "Բժիշկներ առանց սահմանների" /ԲԱՍ-Ֆրանսիա/, "Հայկական կարմիր Խաչ", "World Vision" կազմակերպությունների կողմից իրականացվեցին որոշակի միջոցառումներ.
  • Մարտի 23-ին երիտասարդության շրջանում տուբերկուլոզի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով, Երևանի պետական համալսարանում, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում, Հայաստանի պետական ագրարային համալսարանում, Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտում և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանանում հիվանդության վերաբերյալ տեղեկատվական նյութեր բաժանվեցին ուսանողներին, տրվեցին պատասխաններ նրանց կողմից առաջադրված հարցերին:
  • Մարտի 24-ին ժամը 10:00 –ին “Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակում” կազմակերպվեց կլոր սեղան, ոլորտի բոլոր շահագրգիռ տեղական և միջազգային գործընկերների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ:
    Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ առողջապահության փոխնախարար պարոն Ա. Ղուկասյանը: Նա ներկայացրեց տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ձեռքբերումները և առկա խնդիրները, ինչպես նաև հույս հայտնեց, որ միջազգային և տեղական բոլոր շահագրգիռ կողմերի սերտ համագործակցությունը հնարավորություն կընձեռի տուբերկուլոզի դեմ պայքարում հասնել հնարավորինս բարձր արդյունքների: Այնուհետև Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ն. Մեժլումյանի կողմից ներկայացվեց տուբերկուլոզի արդի համաճարակաբանական իրավիճակը` ողջ աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում: Միջոցառման վերջում մասնակիցներին տրամադրվեցին օրվա վերաբերյալ տեղեկատվական նյութեր:
  • Երևան քաղաքի երեք կետերում` Ավ. Իսահակյանի արձանի մոտ, "Գարեգին Նժդեհ" մետրոյի անցման շրջակայքում և "Այրարատ" կինոթատրոնի հարակից տարածքում, 12:00-14:00 ընկած ժամանակահատվածում տեղադրվեցին սեղաններ, օրվա կարգախոսով պաստառներ և անցորդներին բաժանվեցին տուբերկուլոզի վերաբերյալ տեղեկատվական նյութեր, պատասխանեցին առաջադրված հարցերին:
  • Ժամը 18:00-19:30 ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Սիրահարների զբոսայգում, "World Vision" (Հայաստան) կազմակերպության նախաձեռնությամբ, կազմակերպվեց համերգ, որի ընթացքում ներկա գտնվողներին բաժանվեցին տուբերկուլոզի վերաբերյալ տեղեկատվական նյութեր:
  • “Պաշտպանենք երեխաներին տուբերկուլոզից” հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպվեց հանդիպում Երևան քաղաքի Դանիել Վարուժանի անվան դպրոցում, որտեղ դպրոցի բարձր դասարանցիներին տրվեց տեղեկատվություն տուբերկուլոզի վերաբերյալ և աշակերտների կողմից առաջադրված հարցերին պատասխանեցին Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակի և Բժիշկներ առանց սահմանների կազմակերպության ներկայացուցիչները:


Նորությունների արխիվ .     2009 թ. | 2008 թ. |