|
Մարտի 24` Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր ![]()     1882 թվականի մարտի 24-ին գերմանացի մանրէաբան Ռոբերտ Կոխը հայտարարեց տուբերկուլոզի հարուցչի հայտնաբերման մասին։ Դրանից 111 տարի անց` 1993 թվականից ի վեր մարտի 24-ը ողջ աշխարհում նշվում է որպես Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր:     Ամեն տարի 1.6 միլիոն մարդ է մահանում տուբերկուլոզից, որոնց մեծամասնությունը զարգացող երկրների բնակիչներ են:     Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի դեմ պայքարն իրականացվում է ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 52 արձանագրային որոշմամբ հաստատված "2007-2015թթ. Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի" շրջանակներում, որի հիմքում ընկած են Առողջապահության համաշխարհային կազմակերպության մոտեցումները և նպատակները:     Տուբերկուլոզի դեմ պայքարում ՀՀ առողջապահության նախարարությունը սերտ համագործակցում է միջազգային մի շարք կազմակերպությունների` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, Բժիշկներ առանց սահմանների /Ֆրանսիա/, ԱՀԿ, Գերմանական ԳՈՊԱ-էպոս, ԱՄՔՈՐ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, Տուբերկուլոզի և Մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի հետ:     Հանրապետությունում տուբերկուլոզով հիվանդների հայտնաբերումը, բուժումը և հետագա վերահսկումն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում և լիովին անվճար է: Ժամանակին և ճիշտ կազմակերպված բուժման դեպքում տուբերկուլոզը լիարժեք բուժվում է: Չբուժվելու դեպքում վարակիչ հիվանդը 1 տարվա ընթացքում վարակում է 10-15 մարդու /առաջին հերթին ընտանիքի անդամներին/, որոնց 10%-ը հետագայում հիվանդանում է տուբերկուլոզով: Չբուժված հիվանդների 50%-ը մահանում է առաջին 5 տարվա ընթացքում, 25%-ի մոտ կայուն իմուն համակարգի շնորհիվ տեղի է ունենում սպոնտան առողջացում, մնացած 25%-ի մոտ զարգանում է խրոնիկ տուբերկուլոզ:     Տուբերկուլոզի խնդրին լուծում տալու նպատակով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մշակել է տուբերկուլոզի բուժման DOTS /Directly Observed Treatment Short-course - Ուղղակիորեն հսկվող բուժման կարճաժամկետ կուրս/ ռազմավարություն, որն արդյունավետ կերպով կիրառվում է աշխարհի գրեթե բոլոր, այդ թվում նաև զարգացած շուկայական տնտեսություն ունեցող, երկրներում: 1995 թվականից սկսած աշխարհի գրեթե 184 երկրում այս ռազմավարությամբ բուժվել է ավելի քան 31,8 մլն մարդ: |
|
Հունվարի 21 ![]()     Ներմարզային հանձնաժողովի հիմնական խնդիրն է իրականացնել ընդհանուր հսկողություն և աջակցություն` մարզի տուբերկուլոզի դեմ պայքարի գործողությունների իրականացման և շարունակական զարգացման վրա:     Ներմարզային հանձնաժողովը ստուգազննում և աջակցում է մարզում գործող ՏԲ կաբինետներին, ՏԲ հիվանդների բուժում իրականացնող ԱԱՊ հաստատություններին:     2011թ-ի հունվարի 21-ին "Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ" ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ հերթական աշխատանքային հանդիպում ՏԲ դեմ պայքարի ներմարզային հանձնաժողովների անդամների (բժիշկ, բուժքույր, համաճարակաբան, դեղագետ) հետ` նրանց աշխատանքային կանոնակարգին ծանոթացնելու նպատակով:     Հանդիպմանը քննարկվեցին կազմակերպչական և մասնագիտական հարցեր, ներմարզային հանձնաժողովների կողմից անցկացվելիք միջոցառումների վերաբերյալ (աջակցող այցեր ՏԲ կաբինետներ, իրավիճակի գնահատում, հաշվետվությունների ներկայացում և այլն): Ձեռք բերվեց պայմանավորվածություն հանդիպումները շարունակական դարձնելու համար:     Մասնակցեցին 37 ներմարզային հանձնաժողովների անդամներ ՀՀ մարզերից և Երևան քաղաքից: Հանձնաժողովի աշխատանքները նախատեսված է սկսել փետրվարի 1-ից: Հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման համար աջակցություն է ցուցաբերել Գլոբալ հիմնադրամը:     Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի շրջանակներում սույն թվականի հունվարի 17-ից 21-ը ընկած ժամանակահատվածում "Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ" (ՏԱԳ) ՊՈԱԿ Ազգային ռեֆերենս լաբորատորիայում կազմակերպվեց դասընթաց "Տուբերկուլոզային միկոբակտերիայի կուլտուրալ և դեղազգայունության հետազոտությունների որակի ապահովում" թեմայով: Դասընթացը վարելու նպատակով "HOPE Նախագիծ. Մարդիկ-մարդկանց առողջապահական հիմնադրամ ինկ."-ի մասնաճյուղ Հայաստանում կողմից հրավիրված էր Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային ՏԲ մասնագետ Մարիա Յոնչևսկան: Դասընթացի նպատակն էր ծանոթացնել մասնակիցներին ՏԲ դեմ պայքարի ծրագրում լաբորատոր ծառայաության գործառույթներին, լաբորատորիայում տուբերկուլոզային միկոբակտերիայի շարժի համաճարակային շղթային, մանրէաբանական ախտորոշման եղանակներին և նոր մոտեցումներին, ինչպես նաև աշխատանքի որակի կառավարման համակարգին: Դասընթացը կազմված էր տեսական և գործնական մասերից:     Մասնակիցների թվում էին ԱՌԼ-ի բժկական անձնակազմը թվով 9 հոգի և (ՏԱԳ) ՊՈԱԿ լաբորատոր մասնագետը: |